Արմինֆո. Երևանում ցավակցություն են հայտնել ԱՄՆ ժողովրդին՝ Կալիֆոռնիայում հրդեհների կապակցությամբ:
Մասնավորապես, իր ցավակցությունն է հայտնել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ընդգծելով, որ Հայաստանի մայրաքաղաքի բնակիչները կանգնած են բոլոր նրանց կողքին, ովքեր տուժել են այդ աղետից ։ Նա, մասնավորապես, նշել է. "Կորուստներն ու խնդիրները, որոնց դուք բախվում եք, խորապես հուզում են մեզ։ Իմացեք, որ ձեր ցավը կիսում են բոլորը, և մենք ձեզ պահում ենք մեր սրտերում, մինչ դուք հաղթահարում եք այդ դժվարությունները: Մենք ցանկանում ենք անվտանգություն ձեր մերձավորներին և ուժ՝ ձեր համայնքներին, երբ միավորվեք ապաքինման և վերականգնման համար":
ԱՄՆ նահանգներից մեկում մոլեգնող տարերային աղետը մեկնաբանել է նաև ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: Նա նշել է, որ հրդեհների հետևանքներն ազդել են նաև հայ համայնքի վրա ՝ ավերելով ոչ միայն բնակելի շենքերը, այլև հայ համայնքի կառույցների շենքերը: Այդ առնչությամբ նախկին օմբուդսմենը հիշեցրել է, որ Փասադենայում այրվել է "Սահակ-Մեսրոպ" հայկական քրիստոնեական դպրոցը, որը հիմնադրվել էր 1980 թվականին:
"Մեր կարեկցանքն ու ցավակցությունն ենք հայտնում Լոս Անջելեսի բնակիչներին և, հատկապես, մեր հայրենակիցներին ։ Աղոթում ենք, որ աղետը հնարավորինս շուտ դադարեցվի", - գրել է Թաթոյանը։
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում հրդեհները սկսվել են հունվարի 7-ին, ինչի հետևանքով տարհանվել է շուրջ 180 հազար մարդ, ոչնչացել է մոտ 10 հազար շինություն: Լոս Անջելեսի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի տվյալներով՝ հրդեհների հետևանքով զոհվել է 24 մարդ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ զոհվածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան։
Հավելենք, որ սոցիալական ցանցերի հայկական հատվածում տեղեկություններ են շրջանառվում, որ Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների հետևանքով այրվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ եղբոր՝ ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի առանձնատունը: