Արմինֆո. Ադրբեջանի պահանջին ի պատասխան՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Հայաստանի իշխանությունների մտադրությունը կդառնա ՀՀ ներկայիս իշխանությունների հաջորդ լրջագույն հակապետական քայլը՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է "Ապրելու երկիր" կուսակցության քաղխորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը:
«Եթե Հայաստանի Հանրապետությունը, որոշի գնալ Մինսկի խմբի լուծարմանը՝ դրանով լեգիտիմացնելու է Ադրբեջանի իրականացրած հանցագործությունները, Հայաստանի և Արցախի նկատմամբ։ Ստացվում է՝ ընդունելի և օրինական է, զենքի ուժով հարցեր լուծելը։ Մենք մեր ձեռքով, մեզ ճանաչելու ենք ագրեսոր և օկուպանտ, իսկ Ադրբեջանը դրանով լեգիտիմացնելու է իր բոլոր քայլերը։ Սա, նաև ուղիղ հարված է Բաքվում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, քանի որ Ադրբեջանը դրանից հետո ունենալու է լուրջ հիմքեր՝ պնդելու, որ այդ մարդիկ հանցագործներ են, ինչն էլ իր հերթին կրկին արդարացնելու է Ադրբեջանի գործողությունները Արցախում։
Առանց այդ էլ, մեր ողջ անվտանգային համակարգը քանդած իշխանությունը, ցանկանում է լիովին մեզ զրկել անգամ այն փոքրիկ անվտանգության բարձիկներից, որոնք, գուցե փոքր, բայց որոշակի դեր ունեն անվտանգության ապահովման հարցում։ Անգամ մեկ տոկոսի ազդեցություն ունեցող գործոնները, եթե դրանք վերաբերվում են մեր անվտանգությանը, պետք է հաշվի առնել։
Լավ, որքան կարճատես պետք է լինել, որպեսզի չհասկանաս, թե ինչի է Ալիևը պահանջում լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, չէ որ խաղաղություն ցանկացող կողմի համար, դա որևէ արգելք չի հանդիսանում, իսկ այ պատերազմ ցանկացող կողմի համար դա որոշակի խոչընդոտ է», - գրել է Մանուկյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, մի շարք լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը: