Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ԵԱՀԿ-ին դիմելու հնարավորությունը՝ Մինսկի խմբի (ՄԽ) (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատով օժտված միակ միջազգային կառույցի – խմբ.) լուծարման հարցով: Այդ մասին Facebook - ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Մի շարք լրատվամիջոցների հարցերին ի պատասխան տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը:
2024թ. դեկտեմբերի 19-ին, «Արմենպրեսին» տված հարցազրույցում պատասխանելով հարցին թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ, վարչապետ Փաշինյանը նշել է.
(մեջբերում) «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձեւաչափի գոյությունը: Բայց մենք նաեւ ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, եւ նրա մղումը, ասենք, օրինակ այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ» (մեջբերման ավարտ):
2025 թվականի հունվարի 8-ին ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա եւ չի կարող լինել Արեւմտյան Ադրբեջան եւ ընդգծել ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող այդ խոսույթից Ադրբեջանի հրաժարվելու և խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:
Հայաստանի Հանրապետությունը միանշանակ եւ աներկբա ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ պատրաստ է դա վերահաստատել խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ինչպես նաև վերոնշյալ գրառման մեջ նշված մյուս բոլոր նախաձեռնությունների ու քայլերի իրագործմամբ: Կարեւոր է, որ Ադրբեջանը նույնպես միանշանակ եւ աներկբա ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը», - մամուլի քարտուղարը:
Նկատենք, որ անկախ փորձագետները հակված են կարծելու, որ ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարումը կհանգեցնի արցախյան հարցի վերջնական փակման և մոռացության կմատնի Արցախից փախստականների իրավունքներին առնչվող հարցերը։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն ինչ անում է ադրբեջանական իշխանությունների կյանքը հեշտացնելու, նրանց պատասխանատվությունից զերծ պահելու, այդ թվում ՝ ՀՀ և ԼՂՀ տարածքում իրականացված պատերազմական հանցագործությունների համար, և ղարաբաղյան հիմնախնդիրը մեկընդմիշտ փակելու համար՝ արցախցիներին զրկելով հայրենիքից։