Արմինֆո. Բնապահպանական տեսանկյունից անցած տարին որևէ նոր խնդիր չի առաջացրել Հայաստանի Հանրապետության առջև։ Այդ մասին հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Նրա ասելով՝ եղած խնդիրները մնացել են, և դրանց լուծման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Մասնավորապես, կան բողոքներ Ադրբեջանի կողմից, որոնք ուսումնասիրվում են: Խոսքը, հիմնականում, ջրային ռեսուրսների մասին է։ "Վստահ եմ, որ Հայաստանը միջազգային իրավունքի շրջանակներում համապատասխան պատասխան կտա", - ասել է նախարարը:
Նա նշել է, որ Հայաստանը փորձում է լուծել ինչպես հարևանների հետ առկա խնդիրները, այնպես էլ կենսաբազմազանության հետ կապված հարցերը: Դրանց թվին է դասվում Սևանա լճում սիգի պոպուլյացիայի վերականգնումը։ Նախարարն ընդգծել է, որ հարևան պետությունների հետ առկա բոլոր խնդիրները հայկական կողմը կփորձի լուծել մինչև 2026 թվականին Երևանում ՄԱԿ-ի Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացումը, այդ թվում ՝ միջազգային կոնվենցիաների շրջանակներում: