Արմինֆո. Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանության ծրագիրն արդեն երկրորդ անգամ Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն։ Այդ մասին ասվում է Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի հիմնադրած «Թաթոյան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:
«Ադրբեջանական իշխանական հեռուստաընկերությունը Հայաստանի Շիրակի մարզի Հառիճավանք վանական համալիրը պատմական փաստերի կեղծումով ներկայացնում է՝ որպես «Արևմտյան Ադրբեջանի» մշակույթի մաս», - նշվում է հաղորդագրությունում։
Հմնադրամի ներկայացրած տեսանյութում ( https://youtu.be/CVs9Y8crVTA?si=yDDLIk3FJyzkghBv)
Հառիճավանքը ներկայացվում է՝ որպես ալբանական կրոնական, մշակութային ժառանգություն։
«Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։ Տեսանյութը հայերի դեմ ռասիստական և թշնամանքի ադրբեջանական պետական քարոզի մաս է, որով հետևողական կեղծիքներով ստեղծվում են Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր։
Հառիճավանքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վանական համալիրներից է, հիմնադրվել է վաղ միջնադարում և պատմականորեն եղել է ոչ միայն հայոց հոգևոր կենտրոն, այլև կրթական և մշակութային կարևոր օջախ», - ընդգծվում է հաղորդագրությունում։