Արմինֆո.Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՆԳՆ ջրային պարեկային ծառայության ու ՇՄՆ էկոպարեկային ծառայությունների աշխատակիցները Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում համատեղ իրականացվող շուրջօրյա խստացված վերահսկողության ընթացքում, գիշերային ժամերին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Սևանի ափամերձ տարածքներում արձանագրել են ձկնագողության դեպքեր։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն, հունվարի 8-ին, ժամը 20։20-ի սահմաններում նկատվել է Սևանա լճից ափ դուրս եկող ձկնորսական նավակ։
«Ծովագյուղի բնակիչներ Ղ.Գ.-ն և Ս.Ա.-ն սիգի որսի արգելքի ընթացքում ապօրինի որսացել էին 135 հատ, 54կգ «Սիգ» տեսակի ձուկ։ Ձկնորսական նավակը և ձկնապաշարն առգրավված է, իրավախախտները տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության բաժին։
Հունվարի 9-ին, ժամը 2։15-ի սահմաններում Ջիլ բնակավայրի ափամերձ հատվածում ձկնագողերը, հեռվից նկատելով տեսուչներին, թողնելով 410կգ ապօրինի որսված «Սիգ» տեսակի ձուկը դիմել են փախուստի։
Իրականացվում են ձկնագողերի հայտնաբերման աշխատանքներ», - ասվում է հաղորդագրությունում։