Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է գալիս տարածաշրջանային պետությունների կողմից տարածաշրջանային խնդիրների լուծման օգտին և անթույլատրելի է համարում տարածաշրջան օտարերկրյա ուժերի ներգրավումը: Այդ մասին Ալիևն ասել է այցով Բաքու ժամանած Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման կարևորությանը և Ադրբեջանի, Ռուսաստանի ու Իրանի միջև եռակողմ համագործակցության ձևաչափին:
Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում "Արազի միջանցք" նախագծի և Արազ գետի վրա կամուրջների և ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման վերաբերյալ: Նշվել է, որ այդ նախագիծը հատուկ նշանակություն ունի տարածաշրջանային տրանսպորտի զարգացման համար։
Քննարկվել են Արազ գետի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցման և Ադրբեջանի, Ռուսաստանի ու Իրանի միջև էլեկտրահաղորդման գծերի միավորման նախագծերը:
Ըստ Բաքվի լրատվամիջոցների՝ Ահմադիանն ընդգծել է Ադրբեջանի և Իրանի միջև մշակութային, պատմական, կրոնական և քաղաքակրթական հարաբերությունների սերտությունը: Նա նաև շնորհավորել է Ադրբեջանին օկուպացիայից տարածքների ազատագրման և տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության լիակատար վերականգնման կապակցությամբ:
Նշենք, որ այսօր էլ սպասվում է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի այցը Հայաստան, որտեղ նա պետք է հանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: