Արմինֆո. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Չինաստանին ուժեղ երկրաշարժի առնչությամբ, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների:
"Խորապես վշտացած ենք Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին հաղորդագրությունից, որի հետևանքով մարդիկ են զոհվել, և լուրջ ավերածություններ են գրանցվել։ Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում տուժածների շուտափույթ ապաքինման համար", - ասվում է ՀՀ ԱԳՆ X-ի էջում զետեղված հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Շիգաձե քաղաքից 163 կմ հարավ-արեւմուտք, որը Տիբեթում մեծությամբ երկրորդն է՝ շուրջ 800 հազար բնակչությամբ: Ըստ նախնական տվյալների ՝ տարերային աղետի հետևանքով զոհվել է մոտ 100 մարդ, մոտ 130 մարդ վիրավորվել է: Փրկարարները շարունակում են փլատակներում մարդկանց որոնումները: