Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին "խորհուրդներ" է տալիս Հայաստանին, թե ինչպես իրեն պահի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում:
Հունվարի 7-ին տեղական հեռուստաալիքներով հեռարձակված հարցազրույցում նա հույս է հայտնել, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի բոլոր պայմանները կընդունվեն: "Եթե Հայաստանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա այն մեզ էլ պետք չէ։ Մենք առանց դրա էլ կարող ենք ապրել և վարել մեր քաղաքականությունը", - ասել է Ադրբեջանի նախագահը, հայկական կողմին խորհուրդ տալով լավ կշռադատել ամեն ինչ, այդ թվում՝ աշխարհաքաղաքական փոփոխություններն աշխարհում։
Ալիևը կարծում է, որ Հայաստանի մերձավոր բարեկամները "խայտառակ ձեւով են հեռանում քաղաքական ասպարեզից": "Ահա երեկ լուր եկավ, որ Հայաստանի և Փաշինյանի մտերիմ բարեկամ պարոն Թրյուդոն ստիպված է եղել հրաժարական տալ։ Սա այն երկիրն է, որը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ և դրանից հետո բուռն հակաադրբեջանական դիրքորոշում է որդեգրել և հեռու չի գնացել Ֆրանսիայից։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա այժմ ի՞նչ է կատարվում այնտեղ քաղաքական դաշտում: Դա տեսնում են բոլորը", - նշել է Ադրբեջանի ղեկավարը։