Արմինֆո. Հայաստանի իշխանությունների թեթև ձեռքով ավելացել են Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին առաջադրված մեղադրանքները: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապազգային, հակահայկական և անբարոյական հայտարարությունների արդյունքում Ադրբեջանի իշխանությունները Արցախի մեր ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ավելացնում են քրեական գործերի քանակը:
Նա նշել է, որ տարբեր ժամանակահատվածներում դիմել է ԱԳՆ, որպեսզի տեղեկանա, թե ինչ է արվում բոլոր գերիներին ազատելու համար:
"Դուք չեք գտնի ոչ մի նախադասություն այն մասին, թե ինչ է արվել այդ ուղղությամբ, ավելին, մենք միայն սուտ ու հերյուրանք ենք լսում։ 2020 թվականից Բաքվում գտնվող հայերի ճակատագրի համար ողջ պատասխանատվությունն այս իշխանությունների ուսերին է", - ասել է Դանիելյանը։
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 17-ին, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, Բաքվի ռազմական դատարանը կքննի Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների նկատմամբ մեղադրական եզրակացությունը: Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը: Դատարանի առջև կկանգնեն նաև նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: