Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանգամայն հաջողված է համարում "Հայոց պատմություն" 7-րդ դասարանի նոր դասագիրքը: Այդ մասին հա հայտարարել է Facebook-ի իր էջից։
Վարչապետի ասելով՝ դեռ ապրիլին ինքը խոստացել էր ծանոթանալ դասագրքի բովանդակությանը, սակայն կարողացել է դա անել միայն հիմա, երբ քովիդի պատճառով կարանտինի մեջ է: "Ես պատմության մասնագետ չեմ և չեմ մանրամասնի, բայց, ընդհանուր առմամբ, դասագիրքը հաջողված եմ համարում այն առումով, որ այն երեխաներին հրավիրում է քննադատական մոտեցում ցուցաբերել պատմական իրադարձություններին, ինչը մեր իրականության մեջ աղետալիորեն բացակայում է ։ Երեխաները կարող են խաղային ձևով գնահատել իրադարձությունները և ընկալել դրանք", - հայտարարել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ դասագիրքը կարդալուց հետո համոզվել է, որ տվյալ առարկան պետք է կոչվի "Հայաստանի պատմություն", ինչի կապակցությամբ կառավարությունն արդեն որոշում է կայացրել: "Անվանման դերն էական է Հայաստանի Հանրապետության պետական շահերին առավելագույնս համապատասխանեցնելու առումով", - հայտարարել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ դասագիրքը խիստ բացասական արձագանք է ստացել մի շարք փորձագետների, քաղաքական գործիչների և Հայ Առաքելական Եկեղեցու կողմից: Մասնավորապես, նրանց զայրացրել է այն, որ դասագրքում Արցախը նշված է Ադրբեջանի սահմաններում, թեև նկարագրվում են Տիգրան Մեծ արքայի ժամանակաշրջանի պատմական իրադարձությունները ։ Հայ Առաքելական եկեղեցին պահանջել է դպրոցական ծրագրից հանել սույն դասագիրքը, քանի որ դրանում հայտնաբերվել են հայեցակարգային, մեթոդաբանական և գիտական սխալներ ու բացթողումներ:
Դասագիրքը քննադատության է ենթարկվել նաև գիտական հանրության կողմից ՝ ի դեմս Հայաստանի պատմության ինստիտուտի, Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչի, Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի, Երիտասարդ պատմաբանների ասոցիացիայի և այլ հեղինակավոր գիտնականների կողմից:, որոնք, վկայակոչելով փորձաքննության արդյունքները, կոչ են արել պրոֆիլային գերատեսչությանը (ԿԳՄՍՆ) հանել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը դպրոցական ծրագրից: Ուսումնասիրության մեջ նշվել է, որ Սմբատ Հովհաննիսյանի կազմած "Հայոց պատմություն" 7-րդ դասարանի դասագիրքը պարունակում է հայեցակարգային, մեթոդաբանական, գիտական, կրթադաստիարակչական, մանկավարժական բնույթի, տեխնիկական պլանի և այլ համալիր խնդիրներ: Պատմաբանները նշել են, որ պատմության դասագիրքը չի կարող գրվել մեկ անձի կողմից և պետք է կազմվի փորձագետների խմբի կողմից, որոնք մասնագիտանում են տարբեր պատմական ժամանակաշրջաններում: Նրանք նաև հայտարարել են, որ դասագրքի տեքստում գերակշռում են հիպոթետիկ մոտեցումները, մինչդեռ, վերջինս պետք է հիմնված լինի անհերքելի փաստերի վրա: