
ՙՄենք վերսկսում ենք էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ մեր փողոցային պայքարը և կոչ ենք անում բոլորին սեպտեմբերի 1-ին` 16.00-ին, հավաքվել Սիրահարների այգում: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են ՙՈչ թալանին՚ քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամներ Միհրան Ավագյանը, Արտուշ Չիբուխչյանը և Արթուր Քոչարյանը:
Շարժման ակտիվիստները հայտարարում են, որ իրենք դադարեցրել են բողոքի փողոցային ակցիաները, որպեսզի հասկանան, թե ինչպիսին կլինի նախագահի առաջարկած աուդիտը և ինչ կտա այն ժողովրդին: ՙԱյսօր մենք հասկացել ենք, որ հերթական անգամ մեզ խաբել են և կոչ ենք անում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին նոր պայմանագրեր չկնքել ՀԷՑ-ի հետ, իսկ բոլոր դեմ հանդես եկողներին փողոց դուրս գալ: Մեր խնդիրները կարող են միայն փողոցում լուծվել՚,- նշում է Արտուշ Չիբուխչյանը: Նախաձեռնության անդամները խոստանում են, որ այս անգամ մինչև վերջ կգնան`չենթարկվելով տարատեսակ սադրանքների և չկրկնելով նախկին սխալները:
Նշենք, որ օգոստոսի 13-ին կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացվելու է ՙԴելոյթ և Տուշ ԱՊՀ՚ ՓԲԸ-ի միջոցով: ՙՇատերը թյուր տպավորություն են ստացել, որ մինչև խորհրդատվության ավարտը կառավարությունը սակագների տարբերության մասով (6.93 դրամ) կաջակցի ոչ միայն բնակչությանը, այլև խոշոր բիզնեսին: Կարծում եմ, որ կառավարությունը չէ, որ պետք է ֆինանսավորի նաև խոշոր բիզնեսը: Հանրապետության նախագահը հայտարարել է, որ մենք մեզ վրա վերցնելու ենք սակագնի տարբերությունն ազգաբնակչության համար: Երբ հանրապետության նախագահն արձակուրդից վերադառնա, ես իր հետ նաև քննարկելու եմ ՓՄՁ-ներին աջակցելու խնդիրը, ովքեր ծախսում են ամսական միջին հաշվով 250 կՎտ հոսանք՚,- ասել է նա: Հաջորդ օրը ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, պատասխանելով ՙԻրազեկ քաղաքացիների միավորման՚ հարցմանը, վերահաստատել էր, որ դեռևս հստակեցված չեն այդ սուբսիդավորման աղբյուրները և շահառուների շրջանակը: ՀԷՑ-ում արդեն հաստատում են փոքր բիզնեսի հետ նոր սակագներով պայմանագրերի ստորագրումը: