Արմինֆո.
Երեւան: 27.12.24: ԱրմԻնֆո: Մարիանա Մկրտչյան: Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ: Այդ մասին ասվում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանի հայտարարությունում:
«Բավական չէ առաջարկում են Վեհափառ Հայրապետի ուղերձի հրապարակման նվաստացուցիչ պայմաններ, մի հատ էլ մանիպուլացնելով՝ ցույց են տալիս, թե իբր իրենք ամեն ինչ արել են, բայց այ, տե՛ս՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինից հրաժարվում են:
Անցյալ տարի Կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հ1-ով հեռարձակելուց Հանրային հեռուստաընկերության հրաժարվելը քաղաքական բարձրագույն մակարդակի ողորմելի որոշման արդյունք էր: Նույն գործելակերպը շարունակվում է այս տարի:
Ցավալի է, որ քաղաքական իշխանության քարոզին ու այդ քաղաքական ողորմելի որոշումն առաջ տանելու գործին լծվել է Հանրային հեռուստաընկերությունը:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը և պատմական բացառիկ արժեքը հայ ժողովրդի կյանքում որևէ քաղաքական իշխանություն, առանձնապես ՔՊ վերնախավը, որքան էլ ցանկանա, իր սադրիչ գործունեությամբ՝ Եկեղեցին թիրախավորելով և իշխանություն պահպանելու մոլուցքով, չի կարող նսեմացնել», - գրել է Թաթոյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Ավելի վաղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարաածած հայտարարությունում ասվում է. «Հանրային հեռուստաընկերության ամանորյա հեռուստահաղորդումների ծրագրի ազդագրից հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։
Հարկ ենք համարում նշել, որ ուղերձի հեռարձակման առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հանրային հ/ը միջև որևէ քննարկում տեղի չի ունեցել։ Հեռուստաընկերությունը շարունակում է շրջանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը՝ անտեսելով Մայր Աթոռի դիրքորոշումն ու Հայոց Եկեղեցու հայրենաբնակ և աշխարհասփյուռ հավատացյալների պահանջներն ու սպասումները։
Հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը մեզ հասանելի լրատվամիջոցներով կհեռարձակվի Ամանորի գիշերը՝ նախընթաց տարիների ավանդույթով սահմանված ժամին»: