Արմինֆո. Դատարանը մերժեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ Civilnet-ի՝ հայցը ներկայացնելու համար պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելու վերաբերյալ նրա միջնորդությունը համարելով անհիմն:
Քաղաքապետն իր խնդրանքը հիմնավորել էր այն հանգամանքով, որ 150 հազար դրամ պետական տուրքի գումարը մեծ է և կարող է բացասաբար ազդել իր ֆինանսական վիճակի և ընտանիքի բարեկեցության վրա:
"Եթե ես վճարեմ տուրքը հայց ներկայացնելիս, դա ֆինանսական լուրջ դժվարություններ կստեղծի իմ և իմ ընտանիքի համար։ Բացի այդ, երրորդ անձանց անօրինական գործողությունների պատճառով ես, փաստացի, կզրկվեմ իմ միջոցները իմ հայեցողությամբ տնօրինելու հնարավորությունից", - հայտարարել էր Ավինյանը։
Մինչդեռ, Civilnet-ի և նրա գործընկերների կողմից իրականացված հետաքննության համաձայն, 2018-2021 թվականներին Ավինյանի ընտանիքին պատկանող "Իրիգեյթ" ընկերությունը որպես կապալառու մասնակցել է պետական աջակցության ծրագրին։ Այդ շրջանում Ավինյանն զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը և պատասխանատու էր նաև գյուղատնտեսության ոլորտի համար։
Երևանի քաղաքապետը զրպարտություն է որակել իր հոր և եղբոր բիզնեսի վերաբերյալ Civilnet-ի և հետաքննող լրագրողների միջազգային OCCRP ցանցի հետաքննությունը: Ավելի վաղ իր հայցով նա Civilnet-ից պահանջել էր հրապարակային ներողություն խնդրել և 3 միլիոն դրամի փոխհատուցում։ Մինչդեռ, Civilnet-ը չի ընդունել քաղաքապետի որակումը և համարել է, որ նման վեճերի լուծման համար ավելի հարմար ատյաններ կան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ավինյանը խոստացել էր փոխհատուցել դեպի ԱՄՆ ավիատոմսի վրա ծախսված 20 հազար դոլարը: Պատվիրակության ինն անդամներից միայն նա էր թռչում բիզնես դասով։ Հարցին, թե ինչ միջոցների հաշվին է նախատեսում վերադարձնել այդ ծախսերը, քաղաքապետն առաջարկել էր ծանոթանալ նախորդ տարի 40 միլիոն դրամը գերազանցող եկամուտների հայտարարագրին: Բացի այդ, նա հայտարարագրել էր կրիպտոարժույթ, որի արժեքն այս պահին կազմում է մի քանի հարյուր հազար դոլար։ Եվ սա այն իրավիճակում, երբ Ավինյանը պնդում է, թե 150 հազար դրամ գումարը կանդրադառնա իր ընտանիքի բյուջեի վրա։