Արմինֆո. Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) տեղի կունենա «Կշեռք» պատմագեղարվեստական ցուցահանդեսի բացումը, որի շրջանակում կներկայացվեն կշեռքներ Հայաստանի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից ' սկսած վաղ միջնադարից մինչև 20-րդ դարի կեսերը:
Ցուցահանդեսը միջթանգարանային համագործակցության լավագույն օրինակ է, որի ցուցանմուշները հավաքված են Հայաստանի պատմության թանգարանից, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից, Երևան քաղաքի պատմության թանգարանից, Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից, Միջին Արևելքի թանգարանից, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանից, Սերգեյ Փարաջանովի թանգարանից, Նարեկ Վան Աշուղաթոյանի, Հակոբ Մոմջյանի, Գալամքերյանների և Հրազդան Թոքմաջյանի մասնավոր հավաքածուներից: Ցուցադրությունը բաց կլինի 2024 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը՝ ներառյալ:
Կշեռքը հայտնվել է մ.թ. ա. 4-րդ հազարամյակի վերջին։ Կշեռքի օգտագործման ամենավաղ կենտրոնները Միջագետքի, Եգիպտոսի, Փոքր Ասիայի և Հնդկաստանի հնագույն քաղաքակրթություններն էին: Հին ժամանակներից կշեռքն օգտագործվել է որպես այլաբանություն, որը մարմնավորում է արդարությունն ու չափավորությունը:
Հին դիցաբանության մեջ կշեռքը հին հունական արդարության և հատուցման աստվածուհիների ՝ Թեմիսի և Նեմեսիսի խորհրդանիշն է։ Մինչ օրս կշեռքը մնում է իրավունքի և արդարության խորհրդանիշ: Հայերի շրջանում արդարության մարմնավորումը համարվում էր Անահիտ աստվածուհին, որի խորհրդանիշը նույնպես կարող էր լինել կշեռքը: Միջնադարյան հայկական ձեռագրերում կշեռքի պատկերներ հանդիպում են Ահեղ դատաստանը պատկերող մանրանկարներում։