Արմինֆո. Այսպես կոչված՝ "արևմտյան Ադրբեջանի" կամ "միջանցքի" մասին նարատիվները չպետք է տեղ ունենան Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններում։ "Արմենպրես" - ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն:
«Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները տեղ չպիտի ունենան։ Կապը լինելու է որպես խաղաղության համաձայնագրի դրական արդյունք՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, այլ ոչ թե որպես նախապայման»,- շեշտել է Նատալի Լուազոն։
Նա հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը պետք է երկու երկրների ընդհանուր նպատակը լինի։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը պետք է լինի երկու երկրների ընդհանուր նպատակը։ Մինչ այժմ Հայաստանը ցույց է տվել իր բարի կամքն ու փոխզիջման պատրաստակամությունը։ Ադրբեջանը պետք է անհապաղ համարժեք կերպով արձագանքի»,-ընդգծել է պատգամավորը, համոզմունք հայտնելով, որ անհրաժեշտ է հարգել երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Պատգամավորը նաև հիշեցրել է Բաքվում ապօրինաբար և շինծու մեղադրանքներով անազատության մեջ գտնվող հայ գերիների մասին․ «Եկեք չմոռանանք նաև բոլոր ռազմագերիների ազատ արձակման հարցը և հարգանքը մշակութային ժառանգության նկատմամբ»:
Անդրադարձ կատարելով նաև ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար Երևանի հասցեին Բաքվից հնչող մեղադրանքներին՝ պատգամավորը նկատել է, որ դա յուրաքանչյուր անկախ երկրի գործն է։
«Ինչ վերաբերում է ռազմական տեխնիկայի գնմանն, ապա յուրաքանչյուր անկախ երկիր պարտավոր է ինքն իրեն պաշտպանել և զերծ մնալ ռազմական ագրեսիայից»,- եզրափակել է Եվրախորհրդարանի պատգամավորը։
Նշենք, որ Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանը Հայաստանին նոր պայմաններ է առաջադրել հարաբերությունների կարգավորման համար։ Ընդ որում, խաղաղության քողի ներքո Բաքուն տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին ՝ հանրապետության տարածքն անվանելով "Արևմտյան Ադրբեջան"։