Արմինֆո. Azerbaijan Airlines ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթ, վթարի է ենթարկվել Ղազախստանի Աքթաու քաղաքից 3 կմ հեռավորության վրա:
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, օդանավում եղել է ավելի քան 70 մարդ՝ անձնակազմի հետ միասին: Տեղում աշխատում են Ղազախստանի արտակարգ ծառայությունները։
Ղազախստանի առողջապահության նախարար Ակմարալ Ալնազարովան հաղորդել է, որ, ըստ նախնական տվյալների, Ղազախստանում ուղևորատար ինքնաթիռի կործանման ժամանակ ողջ է մնացել վեց մարդ:
"Կազաերոնավիգացիա"-ի տվյալների համաձայն, Embraer 190 ինքնաթիռը, որը թռչում էր Բաքու-Գրոզնի երթուղով, վթարային իրավիճակ է հայտարարել՝ Աքթաուում վայրէջքի ժամանակ թռչունի հետ բախման և ղեկի կառավարման խախտման առնչությամբ:
Տելեգրամյան ալիքները գրում են, որ օդանավն ընկնելուց առաջ պտտվել է Աքթաուի օդանավակայանի վրա՝ թափելով վառելիքը։
Միևնույն ժամանակ, Չեչնիայի մայրաքաղաքի օդանավակայանի մամուլի ծառայությունը «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել է, որ Բաքվից թռչող ինքնաթիռը Գրոզնիում մառախուղի պատճառով ուղղվել է դեպի Մախաչկալա, այնուհետև՝ Աքթաու:
Baza-ն հաղորդում է, որ վթարի ենթարկված ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու - Գրոզնի չվերթը, ուղղությունը կարող էր փոխել Չեչնիայի վրա անօդաչուների հարձակման սպառնալիքի պատճառով: «Նախնական տվյալներով՝ Գրոզնին հարձակման է ենթարկվել մի քանի ԱԹՍ-ների կողմից, ինչի արդյունքում քաղաքի օդանավակայանում հայտարարվել է "Կովյոռ" պլան: Embraer ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ", - հավելել է աղբյուրը։