


Արմինֆո. Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանին զինելու մասին մեղադրանքներին, ընդգծելով, որ Միացյալ Նահանգների կողմից թե Հայաստանի, թե Ադրբեջանի անվտանգությանն աջակցությունն ուղղված է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ փոխադարձ համագործակցության ամրապնդմանը՝ բանակի պրոֆեսիոնալիզմի կատարելագործմանը, ինչպես նաև Իրանի հետ երկրների սահմանի ամրապնդմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական պետական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Իլհամ Ալիևը պնդել էր, թե Հայաստանին զենք մատակարարելու հարցում առաջին տեղը զբաղեցնում Է Ֆրանսիան, երկրորդը ՝ Հնդկաստանը, իսկ երրորդը՝ ԱՄՆ-ը:
"Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայության հարցմանն ի պատասխան, թե՝ ինչ զենքի մատակարարման մասին է խոսում Ալիեւը, եւ որքանով է դա համապատասխանում իրականությանը, հաշվի առնելով այն փաստը, որ ոչ Երեւանը, ոչ Վաշինգտոնը երբեք չեն հայտարարել նման համագործակցության մասին, Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը ուղիղ պատասխան չի տվել:
Նա, ընդամենը, նշել է հետեւյալը. "Միացյալ Նահանգներն այնպես է հաշվարկում իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի անվտանգության հարցում, որպեսզի վստահ լինի, որ այն չի կիրառվի հարձակման նպատակով և չի խախտում կամ խոչընդոտում կայուն և արժանապատիվ խաղաղության շուրջ բանակցությունների շարունակական ջանքերին":
Մեթյու Միլլերը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կանոնավոր շփումներին ՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատելու համար:



