Արմինֆո. Պատմությունն արձանագրել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարմամբ Արցախն ազատագրվել է եւ հենց այդ նույն Փաշինյանի նշած 1994 թվականին ԵԱՀԿ-ի բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ ստացել միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման արդյունքում` ոչնչացվել եւ հայաթափվել: "Հայ ազգային կոնգրես" կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այդպես է արձագանքել Հայաստանի նախկին նախագահների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ բանավիճելու Փաշինյանի կոչին։
«Նիկոլը փորձում է ձեւացնել, որ իր կռիվը Հայաստանի երեք նախագահների հետ է, մինչդեռ ինքն էլ գիտի, որ իրական իր խնդիրը պատմության դատաստանն է:
Նիկոլն ամեն օր արթնանում է մեր հինգ հազար զինվորների եւ Արցախի գերեզմանափորի խարանը ճակատին եւ սերունդների անեծքի բեռը վզին: Այդ խարանն ու անեծքը հետապնդելու են նրան մնացած իր ամբողջ կյանքում, եւ նա այս կյանքում այլեւս ոչ մի ուրիշ գործ չի ունենալու, քան հայ ժողովրդի հանդեպ կատարած մեծ մեղսագործությունից մաքրվելու ու արդարանալու անհույս փորձերը:
Պատմության դատաստանի առջեւ PR-ակցիաները անզոր են: Անգամ եթե իր մտածված բանավեճում ոչ մի հաջողության չհասնի, նա հաշվել է, որ նման բանավեճի փաստն անգամ փրկօղակ է, որովհետեւ տպավորություն է ստեղծում, որ բանավիճելու բան կա: Բանավիճելու ոչինչ, մինչդեռ, չկա», - գրել է Զուրաբյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 1994 թվականից ի վեր, այսինքն, հրադադարից հետո, բանակցային գործընթացն ընթացել է բացառապես Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու շուրջ: Հայաստանի վարչապետի այս հայտարարությանը կոշտ են արձագանքել ՀՀ նախագահների գրասենյակներից, որոնց օրոք ընթացել է բանակցային գործընթացը։ Ի պատասխան քննադատությունների ՝ Փաշինյանը նախագահներին հրավիրել է այդ հարցի շուրջ հրապարակային բանավեճի: Հայաստանի երեք նախագահների գրասենյակներում հրաժարվել են հանրային բանավեճից՝ Փաշինյանին խորհուրդ տալով նայել համաշխարհային սարդոստայն, որտեղ վաղուց բաց տիրույթում առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների ընթացքի և բովանդակության մասին ողջ տեղեկատվությունը: Փաշինյանն էլ, չհանգստանալով, կոչ է արել Հայաստանի նախկին նախագահներին, այնուամենայնիվ, օգտվել բանավեճի մասին իր առաջարկից, կամ էլ թոշակի անցնել և դադարել մեկնաբանել իր թեզերը։