Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ՝ ԱՄՆ-ում գտնվող ավելի քան 2 մլն դոլար արժողությամբ առանձնատան վրա կալանք է դրվել: Այդ մասին հաղորդել են ՀՀ դատախազությունից:
Դատախազ Սաշիկ Ավետիսյանի խոսքով՝ որոշումը կայացվել է, նկատի ունենալով, որ 100 մլն դրամի լվացման մեջ մեղադրվողն այդ գույքը ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներով: Ըստ դատախազության ՝ Սարգսյանի և նրա կնոջ օրինական եկամուտները 2006 թվականի դրությամբ կազմել են 6 մլն դրամ:
Նշվում է, որ Սարգսյանը 2006 թվականին, լինելով ՀՀ 2-րդ նախագահի օգնականը, 23,6 մլն դրամ նվազեցված գնով բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում իր ծանոթից՝ գործարար Սամվել Մայրապետյանից:
"Ապօրինի ճանապարհով ստացված մոտ 100 մլն դրամն օրինականացնելու նպատակով Վիգեն Սարգսյանը Սամվել Մայրապետյանից ձեռք է բերել երկու բնակարան և երկու ավտոկայանատեղի Հյուսիսային պողոտայում", - նշել է դատախազը: Դրա համար 2013 թվականին Սարգսյանն ու Մայրապետյանը ֆիկտիվ գործարք են կնքել, որի արդյունքում վերջինիս 160 մլն դրամով վաճառվել է նախկինում իրեն պատկանող Աբովյան փողոցում գտնվող բնակարանը և 100 մլն դրամով ձեռք բերել երկու բնակարան և երկու ավտոկայանատեղի Հյուսիսային պողոտայում:
Այնուհետև 2018 թվականին Վիգեն Սարգսյանը իջեցված գնով (56 մլն դրամ) գնել է Աբովյան փողոցում գտնվող բնակարանը:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Վիգեն Սարգսյանը 2022 թվականին հոր օգնությամբ Հյուսիսային պողոտայում գտնվող անշարժ գույքը 2,6 մլն դոլարով կամ 1 մլրդ 218 դրամով վաճառել է "Վիվառո" բուքմեյքերական ընկերության համասեփականատիրոջ որդուն՝ Ռոման Բադալյանին: Այնուհետև 2 մլն 050 հազար դոլարով Վիգեն Սարգսյանը առանձնատուն է ձեռք բերել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում, որտեղ ներկայումս բնակվում է:
Կալանք է դրվել նաև Աբովյան փողոցում գտնվող բնակարանի, Հյուսիսային պողոտայում գտնվող երկու բնակարանների և երկու կայանատեղիների վրա: Գործն ուղարկվել է դատարան՝ քննության, որն իրականացվելու է Վիգեն Սարգսյանի բացակայությամբ, քանի որ վերջինս հետախուզման մեջ է:
Գործով որպես մեղադրյալ է անցնում նաև Սամվել Մայրապետյանը, բայց քանի որ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, գործով ժամկետները կասեցված են: