


Արմինֆո. Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը ցավակցություն է հայտնել Մագդեբուրգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
"Մեր մտքերը Մագդեբուրգում զոհերի հետ են։ Անհավատալի է, որ մենք կրկին ստիպված ենք լինելու վերապրել նման բռնության գործողություն: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Այս դժվարին պահին մեր մտքերը ձեզ հետ են, մեր բարեկամներ", - թվիթերյան (X) իր միկրոբլոգում գրել է Հայաստանի դեսպանը:
Նշենք, որ դեկտեմբերի 20-ի երեկոյան հայտնի է դարձել, որ անհայտ անձը Մագդեբուրգում մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ամբոխի մեջ մխրճված անձը Սաուդյան Արաբիայից է՝ 1974 թվականին ծնված տղամարդ: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ նա վարձակալած BMW-ով առնվազն 400 մետր անցել է սուրբծննդյան տոնավաճառի տարածքով:
ԶԼՄ-ները գրում են, որ դա 50-ամյա բժիշկ է՝ ծագումով Սաուդյան Արաբիայից, որն առաջին անգամ Գերմանիա է եկել 2006 թվականին: Վերջին տեղեկությունների համաձայն, վրաերթի հետևանքով կա 11 զոհ և 60 տուժած։


