


Արմինֆո.ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստին: Պատվիրակություն գործուղելու մասին որոշումն ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, պատվիրակությունը Ռուսաստանի մայրաքաղաքում կլինի դեկտեմբերի 20-21-ը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, ինչպես նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը:
Հիշեցնենք, որ միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստը կկայանա դեկտեմբերի 20-21-ը։ Ինչպես սպասվում է, Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:



