Արմինֆո. ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները՝ հատկապես զգուշություն ցուցաբերել կոտրված ծառերի, բարձր շինությունների և չամրացված կառուցատարրերի մոտակայքում գտնվելիս։
ՆԳՆ ՓԾ հաղորդագրության համաձայն, դեկտեմբերի 18-ին, ժամը 22:53-ից սկսած Լոռու և Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Վանաձոր քաղաքում, Տաշիր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան և Մարտունի-Սևան ավտոճանապարհներին վնասվել են թիթեղներ, ավտոմեքենաներ, գազատար խողովակներ, էլեկտրական լարեր և տապալվել են ծառեր:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խումբ։
Փրկարարներն իրականացրել են սահմանազատման, թիթեղների ապամոտնաժման, տապալված ծառերի մասնատման և ավտոճանապարհներից հեռացման աշխատանքներ:
Հիշեցնենք, որ նախօրեին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը նախազզգուշացրել էր, որ
դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները՝ մինչև 25-30մ/վ, Շիրակում, Կոտայքում և Վայոց ձորում՝ 15-20մ/վ։ Արարատյան դաշտում և Երևանում ուժեղ քամիներ չէին կանխատեսվում։