Արմինֆո. Չնայած Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունն օրենսդրորեն արգելելու վերաբերյալ Կոնգրեսի շարունակական ջանքերին՝ 2025 ֆինանսական տարվա ազգային պաշտպանության մասին օրենքը (NDAA), որն այսօր ընդունել է Սենատը և, ինչպես սպասվում է, կստորագրվի նախագահ Բայդենի կողմից, չի ներառում բազմաթիվ դրույթներ, որոնք նախատեսում են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Արցախում էթնիկ զտուման համար: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
"Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանությունից հետո և Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացմանի ֆոնին այս տարվա պաշտպանական ծախսերի մասին օրինագիծը Բաքվում Ալիևի ռեպրեսիվ ռեժիմին գործողության ազատություն է տալիս մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար", - հայտարարել է ANCA-ի Ազգային խորհրդի նախագահ Րաֆֆի Համբարյանը:
Նրա խոսքով, չնայած Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ Կոնգրեսի հայկական խմբակցության անդամների գլխավորած ջանքերին երկկուսակցական եւ երկպալատ աջակցությանը՝ NDAA-ի վերջնական տարբերակը արտացոլում է Միացյալ Նահանգների շարունակական անտարբերությունն ու մեղսակցությունը Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի ցեղասպան ագրեսիայի պայմաններում:
Կազմակերպությունում հիշեցրել են, որ ANCA-ն Կոնգրեսում դաշնակիցների հետ համատեղ մի շարք փոփոխություններ է առաջարկել, որոնք ուղղված են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն՝ հայերի դեմ նրա գործողությունների համար, եւ ԱՄՆ-ի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդմանը: Այնուամենայնիվ, չնայած երկկուսակցական հզոր աջակցությանը, Ներկայացուցիչների պալատի կանոնակարգի հանձնաժողովը մերժել է առաջարկվող բոլոր փոփոխությունները:
Հավելենք, որ Սենատում սենատոր Գարի Փիթերսը՝ ԱՄՆ հայ համայնքի վաղեմի պաշտպանը, հասել է NDAA-ի Սենատի տարբերակում դրույթի ընդգրկմանը, որը կոչ է անում Պաշտպանության նախարարությանը ուժեղացնել Հայաստանի հետ փոխգործակցությունը, ներառյալ երկկողմ ուսուցումը եւ անվտանգության ոլորտում համագործակցության այլ միջոցառումներ: Սակայն այս դրույթը հանվել է օրինագծի վերջնական տարբերակից։
"Մենք խորապես երախտապարտ ենք Կոնգրեսում մեր դաշնակիցներին Ադրբեջանից բխող էքզիստենցիալ սպառնալիքի ֆոնին Հայաստանի անվտանգության եւ ինքնիշխանության ապահովմանն ուղղված նրանց ջանքերի համար", - շարունակել է Համբարյանը:
"Այս արագ փոփոխվող քաղաքական լանդշաֆտում մենք անհամբերությամբ սպասում ենք մեր դաշնակիցների հետ համագործակցությանը և նոր գործընկերությունների կառուցմանը, որպեսզի նոր վարչակազմին և Կոնգրեսին մղենք վերջ դնելու Ադրբեջանի անխոհեմ խաղաղեցմանը: Մենք պետք է նշանակալի գործողություններ ձեռնարկենք ՝ աջակցելու արդար, հարատև և արժանապատիվ խաղաղությանը, որը հիմնված է պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության և արցախահայության ՝ իրենց հայրենիք անվտանգ վերադառնալու հավաքական իրավունքի վրա", - հավելել է Համբարյանը։
Վերջում ընդգծվում է, որ ANCA-ն նախկինի պես հանձնառու է Կոնգրեսի եւ վարչակազմի հետ համագործակցությանը ՝ ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում քաղաքականության առաջմղման համար, որն առաջնահերթություն է տալիս ռազմավարական գործընկերությանը եւ ապահովում է ՀՀ սահմանների անվտանգությունը: