Արմինֆո. ՆԱՏՕ-ի 170 հազար զինվորներից բաղկացած զորախումբը կմտնի Ուկրաինա։ Մի քանի հազարը՝ կլինեն Հայաստանից։ Այդ մասին հայտարարել է ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը Ալեսյա Բացմանի հետ "Գորդոն. Ինչպիսին կլինի Ուկրաինայի փոխզիջումը տարածքի հարցում, մեծ գործարքի եզակի մանրամասները, Բոյկոն ՈՒԱԾ-ում" խորագիրը կրող եթերում։
Անդրադառնալով Ուկրաինայի շուրջ պատերազմի ելքին՝ լրագրողը նշել է, որ փոխզիջում կլինի, և վստահեցրել է, որ Կիևն ստիպված չի լինի հրաժարվել իր ինչ-որ տարածքներից։ "Ուկրաինան ստիպված կլինի այդ տարածքները թողնել օկուպացված, բայց՝ չճանաչված։ Ոչ ոք այդ տարածքները չի ճանաչի ռուսական և, առաջին հերթին՝ Արևմուտքում։ Երկրորդ՝ ՆԱՏՕ-ի երկրների զորքերը, անշուշտ, կմտնեն Ուկրաինայի տարածք", - ասել է լրագրողը։
Գորդոնի ասելով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր կարևոր հանդիպում կանցկացնի եվրոպական պետությունների ղեկավարների հետ, որոնց հետ կքննարկվի Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի՝ ուկրաինական տարածք մուտք գործելու գործընթացը: " ՆԱՏՕ-ի ոչ թե 40 հազար, ինչպես հայտարարվում էր, այլ 150 հազար, հնարավոր է, 170 հազար զինվորներ կմտնեն Ուկրաինայի տարածք և տեղ կզբաղեցնեն մարտական շփման գծում։ Բայց դա տեղի կունենա միայն պայմանագրի կնքումից հետո։ Դրանք կլինեն Ֆրանսիայի զորքեր, որը հանդիսանում է այդ ակցիայի նախաձեռնողը՝ ի դեմս նախագահ Մակրոնի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Դանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի զորքեր: Չի բացառվում, անգամ, Հայաստանի զորք, քանի որ նախագահ Մակրոնն արդեն դիմել է Նիկոլ Փաշինյանին, և վերջինս ասել է՝ այո։ "Սարսափելի գաղտնիք" եմ պատմում, չի բացառվում, որ մի քանի հազար լինի, անգամ, Հայաստանից։ Ահա այսպիսի զորախումբ պետք է կանգնի մարտական շփման գծում", - ասել Է Գորդոնը։