Արմինֆո.Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի Հայաստանի օկուպացված տարածքներից: Այդ մասին դեկտեմբերի 17-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ "Այն, ինչ մերն է, պետք է լինի մերը, այն, ինչ մեզ չի պատկանում, պետք է վերադարձվի", - ասել է Քոչարյանը:
Նա հավելել է, որ նոր ագրեսիաներին հակազդելու երկրի զինված ուժերի պատրաստակամության մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ երկրում ձևավորվեն միասնական մոտեցումներ քաղաքական, պաշտպանական, ռազմավարական հարցերի նկատմամբ: "Այդ դեպքում հակառակորդը նոր պատերազմ հայտարարելու միտք անգամ չի ունենա, որովհետև ներքին միասնության բացակայության դեպքում չի լինի նաև արտաքին միասնություն", - նշել է Քոչարյանը։
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հայտարարությունը՝ Բաքվի դիվանագիտական ջանքերի մասին, որոնք ուղղված են Հայաստանին սպառազինությունների մատակարարումները կանխելուն, Քոչարյանը նշել է, որ համանման քայլեր պետք է ձեռնարկի նաեւ Հայաստանը: Այդուհանդերձ, նրա ասելով, ով սպառազինություն է վաճառում, շարունակելու է դա անել։