Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ը տեղեկացնում է, որ Սիրիայում (Դամասկոս) ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունն այսօր վերսկսել է իր աշխատանքները:
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, դեսպանության հյուպատոսական բաժինն աշխատում է բնականոն ռեժիմով: Այսօր արդեն կազմակերպվել է ՀՀ քաղաքացիների ընդունելություն:
ԱԳՆ-ը հիշեցնում է, որ նախապես տրամադրված թեժ գիծը (+963960003622) շարունակում է գործել:
«Նախատեսվում է վերսկսել նաև Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքները, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ թուրքամետ ընդդիմադիր իսլամականների "Հայաթ Թահրիր աշ - Շամ" միավորումը մի քանի շաբաթ առաջ լայնածավալ հարձակում էր կազմակերպել Սիրիայում։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում ընդդիմադիր ուժերին հաջողվել է տիրանալ Հալեպի մեծ մասին, ապա՝ նաև սիրիական այլ քաղաքների: Դեկտեմբերի 8-ի գիշերը շարժումը հայտարարել է Դամասկոսը գրավելու և 24 տարի իշխանության ղեկին գտնվող Բաշար Ասադին տապալելու մասին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ռուսաստանը քաղաքական ապաստան է տվել Սիրիայի նախագահին և նրա ընտանիքին:
Իր հերթին՝ Սիրիայի վարչապետ Մուհամադ Գազի ալ Ջալալին հայտարարել է, որ կաջակցի կառավարման շարունակականությանը և մտադիր չէ լքել երկիրը: Նա հավելել է, որ պատրաստ է համագործակցել Սիրիայի ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ և ցանկացած միջոց ձեռնարկել իշխանությունը փոխանցելու համար: Ապստամբների առաջնորդ Աբու Մոհամեդ ալ-Ջուլանին AFP գործակալությանը հայտարարել է, որ Դամասկոսում պետական հաստատությունները կմնան վարչապետի վերահսկողության ներքո՝ մինչև իշխանության պաշտոնական փոխանցումը