Արմինֆո.
Երեւան: 16.12.24: ԱրմԻնֆո: Ալեքսանդր Ավանեսով: Հայաստանի մայրաքաղաք Երևանում առավել քան ակնհայտ է օդի աղտոտվածության խնդիրը։ Այդ մասին դեկտեմբերի 16-ին քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հաղորդել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա պատասխանատուներին հանձնարարել է մշակել առաջադրված խնդրի լուծմանն ուղղված քառամյա ծրագիր, որը պետք է երկու ամսից ներկայացվի քաղաքապետարանի հաստատմանը: Ծրագրում, ինչպես նշել է Ավինյանը, պետք է ներկայացվեն օդի աղտոտվածությանն առնչվող իրավիճակի բարելավման աշխատանքների հիմնական ուղղությունները: "Դրանում մանրամասն պետք է ներկա լինեն առաջադրված խնդրի լուծմանն ուղղված բոլոր կետերը։ Ակնկալում եմ, որ երկու ամսից ծրագիրը կներկայացվի", - հայտարարել է քաղաքապետը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանն արձագանքել էր սոցիալական ցանցերի հայաստանյան հատվածում Երևանում օդի աղտոտվածության բարձր մակարդակի վերաբերյալ վրդովմունքի ալիքին: "Ամեն տարի Երևանում ձմռան ամիսներին օդերևութաբանական անբարենպաստ պայմանների պատճառով նկատվում է ծխի մակարդակի բարձրացում։ Այս մասին են վկայում նաև Երևանի քաղաքապետարանի կողմից 2022 թվականից տեղադրված օդի որակի մշտադիտարկման սարքերի տվյալները։ Այս ժամանակահատվածում մթնոլորտային օդի աղտոտման հիմնական աղբյուրներին (շինարարություն, տրանսպորտ, բաց հանքերի շահագործում) գումարվում է ջեռուցման նպատակով տարբեր տեսակի վառելիքի այրումը, ինչը հանգեցնում է օդում փոշու և ծխի ավելացման", - ասվում է քաղաքապետարանի հաղորդագրությունում:
Նշվում է, որ առանձնատների գերակշռությամբ թաղամասերում դա էապես բարձրացնում է օդի աղտոտվածության մակարդակը, քանի որ բնական գազից բացի բնակիչները այրում են նաև վառելափայտ, տարբեր իրեր և թափոններ: "Կոչ ենք անում քաղաքացիներին զերծ մնալ արտադրության, սպառման կամ տերևաթափության հետևանքով առաջացած թափոնները բնական միջավայրում կամ բնակավայրերում կամ դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում կամ վառարաններում այրելուց, քանի որ դա ենթադրում է պատասխանատվության միջոցների կիրառում", - նախազգուշացնում են քաղաքային իշխանությունները: Ընդգծվում է նաև, որ քաղաքի օդափոխությունն ապահովող հիմնական գործոնը լեռնային հովտային քամիներն են, որոնք հոկտեմբերի վերջից դադարում են՝ մինչև մարտ: "Հաշվի առնելով այս հանգամանքները և մայրաքաղաքում օդի բարձր ֆոնային աղտոտվածությունը ՝ Երևանի քաղաքապետարանը պետական լիազոր մարմինների հետ քննարկում է ձմռան ամիսներին աղտոտվածության մակարդակի նվազեցման նպատակով լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու հնարավորությունը", - հաղորդում է քաղաքապետարանը: