Արմինֆո. Գերմանիայի Բունդեսթագի ընդդիմադիր ՔԴՄ/ՔՍՄ դաշինքից երկու նախկին պատգամավորներ կկանգնեն Մյունխենի բարձրագույն դատարանի առջև, այսպես կոչված, "ադրբեջանական գործի" հետ կապված կաշառակերության մեղադրանքով: Այդ մասին հայտարարել է դատարանի մամուլի քարտուղարը: Munchner Merkur թերթը, հղում անելով նրա խոսքերին, գրում է, որ գործընթացը պետք է սկսվի հունվարի 16-ին:
"Ադրբեջանական գործով" անցնում են քաղաքական գործիչներ Աքսել Ֆիշերը (Axel Fischer) Կարլսրուեից և Էդուարդ Լինտները (Eduard Lintner) բավարական ստորին Ֆրանկոնիա շրջանից։
Ինչպես գրում է DW-ն, առաջինին մեղադրում են կաշառակերության համար, երկրորդին՝ ընտրված պաշտոնյաներին կաշառելու համար՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի օգտին որոշումների կայացման վրա ազդելու նպատակով: Երկու կասկածյալներն էլ հերքում են իրենց մեղքը։
Քննության տվյալներով ՝ Լինտները, որը ԵԽԽՎ-ում է եղել 2010 թվականից, 2016 թվականին 19 կեղծ ընկերությունների միջոցով մի քանի միլիոն եվրո է ստացել: Այդ գումարի մի մասը նա փոխանցել է վեհաժողովի մյուս պատգամավորներին, որոնք պետք է ազդեին իրեն անհրաժեշտ որոշումների ընդունման վրա, կարծում են քննիչները։
Ֆիշերը, որը նույնպես 2010-ից աշխատել է ԵԽԽՎ-ում, հանդես է եկել Ադրբեջանի համար շահավետ ելույթներով և ուղարկել գաղտնի փաստաթղթեր: Փոխարենը՝ նա 2016 թվականին, իբր, 21800 Եվրո ընդհանուր գումարի կաշառք է ստացել։
Էդուարդ Լինտները dpa գործակալությանը տված մեկնաբանությունում կաշառակերության մեջ իրեն մեղադրելը "լիակատար անհեթեթություն" է անվանել: Լինտների ասելով՝ արդեն պատգամավորական լիազորությունների ավարտից հետո ինքն աշխատել է որպես լոբբիստ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը ճանաչվի որպես Ադրբեջանի տարածք, ինչը "ճիշտ է միջազգային իրավունքի տեսանկյունից": Դրա համար Բաքուն գումար է վճարել իր ընկերություններին, սակայն, Լինտների խոսքով, ինքը դրանք չի փոխանցել այլ պատգամավորների։
Աքսել Ֆիշերը dpa-ի հետ զրույցում նույնպես հայտարարել է, որ իր դեմ մեղադրանքները "չեն համապատասխանում իրականությանը", հավելելով, թե "ուրախ է, որ երեք տարի անց դատախազությունը վերջապես դատարանին է ներկայացրել իր փաստաթղթերը եւ պատմել", թե ինչում է իրեն կասկածում: