Արմինֆո. Դեկտեմբերի 13-ին Բուդապեշտում ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի Հալածված քրիստոնյաների օգնության և «Հունգարիան օգնում է» ծրագրի գծով պետքարտուղար Տրիստան Ազբեյի հետ։
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ երկու ժողովուրդները կապված են ընդհանուր դարավոր պատմությամբ, մշակութային և հոգևոր արժեքներով և կարևորել է Հունգարիայում հայ համայնքի դերը, որը պահպանելով իր էթնիկ և կրոնական ինքնությունը, մշտապես վայելում է հունգարական կողմի աջակցությունը:
Դավիթ Կարապետյանը նշել է հումանիտար և կրթամշակութային ոլորտներում առկա համագործակցության արդյունավետությունը։
Կողմերը անդրադարձել են նաև ռեզիդենտ դեսպանություններ բացելու վերաբերյալ երկուստեք որոշմանը՝ կարևորելով այդ քայլը երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համատեքստում։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին այն բանից հետո, երբ 2012 թվականին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն Ադրբեջանին վերադարձրեց Ռամիլ Սաֆարովին՝ որպես ազգային "հերոս", ով կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Վերջինս ռազմական դասընթացներ էր անցնում Հունգարիայում։
10 տարի անց (2022 թվականի դեկտեմբերին) ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ 29-րդ նախարարական նիստի շրջանակում հանդիպել էր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ։ Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները՝ մտադրություն հայտնելով նոր էջ բացել փոխադարձ վստահության և միջազգային իրավունքի հարգանքի վրա հիմնված հայ - հունգարական հարաբերություններում: 2023 թվականի մայիսին Հայաստանն Աշոտ Սմբատյանին նշանակել է Հունգարիայում ոչ ռեզիդենտ դեսպան։