Արմինֆո. Ռուսաստանն անում է և կանի հնարավորը, որպեսզի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածություններն իրագործվեն։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ Մոսկվայում Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ:
Գալուզինն ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կարևորությունը, որոնք ձեռք են բերվել 2020-2023թթ.:
"Մոսկվան մնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու, խաղաղության պայմանագրի կնքման, Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման կողմնակից։ Մենք նաև հանդես ենք գալիս հայ-ադրբեջանական սահմանի շուտափույթ սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև կապերի համակողմանի զարգացման օգտին՝ արդեն նոր հիմքի վրա", - ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։