Արմինֆո. Երևանում մեկնարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները: Ինչպես հաղորդում է ԵՄ կայքը, բանակցությունները վարում են ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները: Այսպիսով՝ տրվել է մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության օպերատիվ փուլի մեկնարկը ։ Վիզային երկխոսության գործընթացը վերահսկող բարձրաստիճան պաշտոնյաները մտքեր են փոխանակել ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հասնելու համար կարևոր նշանակություն ունեցող առանցքային ոլորտներում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ: Այդ ոլորտները ներառում են փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների և միգրացիայի կառավարումը, շարժունակության և ապաստանի քաղաքականությունը, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը և քաղաքացիների հիմնարար իրավունքների պաշտպանությունը:
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանում բարեփոխումներին ԵՄ հետագա աջակցությանն առնչվող հարցեր: Երկու կողմերը հաստատել են, որ գործընթացը վերջնաժամկետ չունի բանակցություններն ավարտելու համար:
Բարձրաստիճան պաշտոնյաները համաձայնել են, որ վիզաների ազատականացման գործընթացի հաջորդ քայլերը կլինեն 2025 թվականի սկզբին երկու ճանաչողական այցերը, որպեսզի ԵՄ ինստիտուտների և անդամ պետությունների փորձագետները կարողանան վերլուծել առկա բացերը: Նախատեսված ճանաչողական առաքելությունների արդյունքները կօգնեն կազմել այն պայմանների ցանկը, որոնք անհրաժեշտ են ՀՀ քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի ԵՄ մուտքի երկարաժամկետ նպատակին հասնելու համար:
Հիշեցնենք, որ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկի մասին հայտարարվել էր սեպտեմբերի 10-ին ՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասի հանդիպման արդյունքում: