Արմինֆո. Օբյեկտիվ վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Կովկասի ժողովուրդները, փաստորեն, "թնդանոթի միս" են՝ ամերիկյան ռազմավարական շահերն իրացնելիս, եւ այդ դոկտրինը գոյություն ունի արդեն մի քանի տասնամյակ: Այդ մասին դեկտեմբերի 11-ին "Հայաստանն ու Ռուսաստանը գլոբալ եւ տարածաշրջանային վերաֆորմատավորման պայմաններում. դասեր եւ ռազմավարական ընտրություն" խորհրդաժողովում հայտարարել է Պետերբուրգի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն, Միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության եւ համաշխարհային տնտեսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վիկտոր Պանինը։
Նա պարզաբանել է, որ ԱՄՆ-ն նպաստում է իրավիճակի ապակայունացմանը Ռուսաստանին սահմանակից տարածաշրջաններում՝ ներառյալ Կովկասը: Այդ առնչությամբ Պանինը նշել է, որ տարածաշրջանային անվտանգությունը վերլուծվում է երեք մակարդակով ՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Խոսելով կովկասյան անվտանգության համակարգի մասին՝ նա ընդգծել է, որ առաջին մակարդակում գտնվում են Ռուսաստանը, Հայաստանը և ճանաչված կամ կիսաճանաչված պետությունները, իսկ երկրորդում ՝ ազդեցիկ սահմանակից երկրները:
"Եթե դիտարկենք Կովկասի յուրացման պատմությունը, ապա այն առաջին մակարդակում ներկայացվում է որպես աշխարհաքաղաքական պայքար ուժի երեք կենտրոնների ՝ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի միջև։ Երրորդ մակարդակը ներառում է աշխարհի առաջատար երկրների շահերն ու ազդեցությունը. բացի ԱՄՆ-ից և Ռուսաստանից, հարկ է նշել Չինաստանի ուժեղացող ուշադրությունը Կովկասի տարածաշրջանային անվտանգության նկատմամբ: Այսպիսով, Ռուսաստանը խաղում է երեք հարթակներում. այն միաժամանակ տարածաշրջանի երկիր է, ազդեցիկ սահմանակից պետություն և ուժի համաշխարհային կենտրոններից մեկը", - պարզաբանել է պրոֆեսորը։
Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ Ռուսաստանի ռազմավարական շահերը Կովկասում կայունության և անվտանգության ապահովումն է: Նա նշել է, որ ԱՄՆ-ի իրական նպատակն է Կովկասում ստեղծել բարձր կոնֆլիկտայնության գոտի՝ իրավիճակն ապակայունացնելու և Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար: Պանինը հիշեցրել է, որ դեռեւս 1990 թվականին Պետդեպարտամենտը տարածաշրջանը ներառել էր ԱՄՆ կենսական կարեւորության ազգային շահերի գոտում ։
"Դա ակնհայտորեն չի համապատասխանում այստեղ ապրող ժողովուրդների շահերին։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ով է իսկապես շահագրգռված Կովկասում կայունությամբ և անվտանգությամբ, և ով է, պարզապես, օգտագործում տեղեկատվական ծածկույթը։ Հաշվի առնելով տեղի ունեցած տեղեկատվական հեղափոխությունը՝ այսօր շատ երկրների դեմ տեղեկատվական պատերազմ է ընթանում", - նշել է պրոֆեսորը։
Նրա խոսքով, օբյեկտիվ վերլուծությունը հաստատում է, որ Կովկասի ժողովուրդները փաստացի թնդանոթի միս են դառնում ամերիկյան ռազմավարական շահերի իրագործման համար. այն, ինչ ձեռնտու է Ամերիկային, իբր, ձեռնտու է նաև ողջ աշխարհին: "Այդ ռազմավարական դոկտրինին նրանք հետևում են արդեն մի քանի տասնամյակ։ Այսօր նրանք նպաստում են իրավիճակի ապակայունացմանը Ռուսաստանին սահմանակից տարածաշրջաններում՝ ներառյալ Կովկասը", - ամփոփել է Պանինը ։