Արմինֆո. Հայաստան-Թուրքիա սահմանին անցած ամիս տեղի է ունեցել երկու երկրների մի քանի գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում: Այդ մասին «Ազատության»-ը հաղորդել է Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Ռուբինյանի ասելով՝ հանդիպման ընթացքում գնահատվել են տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը: «Հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում», - հայտարարել է ԱԺ փոխխոսնակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ հայ-թուրքական սահմանի անցակետը պատրաստ կլինի շահագործման 2023 թվականի դեկտեմբերից ։ Հայկական կողմը դրական ազդակներ է ակնկալում Թուրքիայից ՝ երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու համար: Իր հերթին՝ արտգործնախարար Հաքան Ֆիդանը օգոստոսի 1-ին հայտարարել է, որ Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պայմանով:
Նշենք, որ ընթացիկ տարվա հուլիսի 30 - ին Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը երկու տարվա ընդմիջումից հետո թուրք-հայկական սահմանին անցկացրել են բանակցությունների 5-րդ փուլը:
Հավելենք, որ բանակցությունների 4-րդ փուլը տեղի էր ունեցել 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում ։ Այդ ժամանակ կողմերը պայմանավորվել էին հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել հայ - թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը երրորդ երկրների քաղաքացիների համար, որոնք այցելում են, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա, և որոշել էին անհրաժեշտ գործընթացներ սկսել այդ ուղղությամբ։ Պայմանավորվել էին նաև կարճ ժամանակում Հայաստանի և Թուրքիայի միջև բեռների ուղիղ ավիափոխադրումներ սկսելու մասին, և որոշում էր կայացվել անհրաժեշտ գործընթացներ սկսել այդ ուղղությամբ: Ի վերջո, կողմերը ևս մեկ անգամ ընդգծել էին կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու իրենց պայմանավորվածությունը:
Կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտարարել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ Անկարան գործելու է Ադրբեջանի հետ համակարգմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ:
Հավելենք, որ ս.թ. մարտի 1-ին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումի շրջանակներում "Խաղաղությունը, զարգացումը և կապերը Հարավային Կովկասում" պանելային քննարկման ժամանակ իր ելույթում Ռուբինյանին առաջարկել էր հանդիպումներ անցկացնել կամ Անկարայում, կամ Երևանում: