Արմինֆո. Հակակոռուպցիոն քրեական դատարանը արտակարգ իրավիճակների նախկին նախարար, Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին դատապարտել է 5 տարվա ազատազրկման: Սակայն, հաշվի առնելով նախաքննության ընթացքում կալանքի տակ պահելու ժամկետը, վերջնական պատիժը կկազմի 4 տարի 5 ամիս։
Դատարանի որոշմամբ՝ Փիլոյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մի խումբ անձանցից նախնական համաձայնությամբ խոշոր կաշառք ստանալու և խարդախության համար: Բացի այդ, նա զրկվել է 3 տարվա ընթացքում որոշակի պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից և պարտավոր է վճարել 1 միլիոն 300 հազար դրամ տուգանք:
Նշենք, որ Փիլոյանն ազգային հերոսի կոչումը ստացել է 2020 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ բանակային կորպուսներից մեկի հրամանատարն էր։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 30-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում կատարված խուզարկություններից հետո գերատեսչության նախկին ղեկավար Անդրանիկ Փիլոյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի հուլիսի 7-ից, ձերբակալվել էր։ Ապրիլի 1-ին դատարանը բավարարել էր խոշոր կաշառք ստանալու մեղադրանքով Փիլոյանին կալանավորելու վերաբերյալ քննչական մարմինների միջնորդությունը: Քրեական գործի շրջանակներում 8 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, ևս 10 - ը ՝ որպես կասկածյալ: Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ ԱԻՆ պաշտոնատար անձինք կաշառք են ստացել, օժանդակել խոշոր չափերով հափշտակություններին, ինչպես նաև տվել ապօրինի պարգեւատրումներ: 2022 թվականի հոկտեմբերին Փիլոյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել մեկուսարանից։