Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» մեկամսյա համապետական արշավի շրջանակներում կազմակերպված «Կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» համաժողովին: Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, շնորհակալություն հայտնել միջոցառման բոլոր կազմակերպիչներին ու մասնակիցներին և մաղթել արդյունավետ քննարկումներ: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:
«Կառավարությունը բազմիցս և ամենաբարձր մակարդակով ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեր ռազմավարական գերակայությունն է: Մենք հավատարիմ ենք Կառավարության ծրագրում սահմանված հետևյալ դրույթին՝ «Կառավարությունը վճռական է բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ անզիջում պայքար մղելու կոռուպցիայի դեմ՝ վերջնականապես արմատախիլ անելով կոռուպցիոն բոլոր դրսևորումները»:
2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման և դրա զարգացման ուղղությամբ: Մենք գիտակցում ենք, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է իրականացնել միայն համակարգված և կանոնակարգված ձևով»,- ասել է փոխվարչապետը` շնորհակալություն հայտնելով բոլոր գերատեսչություններին և անձանց, ովքեր իրենց առօրյա աշխատանքով իրապես պայքարում են, որպեսզի ունենանք կոռուպցիայից ազատված հասարակություն:
Փոխվարչապետն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարում հակակոռուպցիոն կրթության և իրազեկման թիրախային քաղաքականության մշակման և անհրաժեշտ գործողությունների իրականացման կարևորությանը, ինչպես նաև ընդգծել հանրային կառավարման բարեփոխումների դերը կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, իր հերթին, կարևորելով նման համաժողովների դերը, ընդգծել է, որ կոռուպցիան ժողովրդավարական զարգացման հիմնարար թուլությունն է: «ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող բարեվարքության ծրագիրն ուղղված է ՀՀ-ում կոռուպցիայի նկատմամբ զրոյական հանդուրժողականության ձևավորմանը: Սա ներառում է հասցեական աջակցություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և Արդարադատության նախարարությանը՝ որպես առանցքային կառույցների", - ասել է Ջոն Ալելոն։ Նա նշել է, որ հակակոռուպցիոն ռազմավարության պլանավորման գործընթացում 2023-2026 թվականներին ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցել է հստակ սահմանված նպատակների. համակարգերի ընդլայնում, աջակցություն հատվածի աշխատողների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև համակարգի զարգացմանն ուղղված մեթոդական առաջարկությունների մշակում: