Արմինֆո. Վոլոգդայի մարզում գտնվող Վելիկի Ուստյուգի համառուսաստանյան Ձմեռ պապը միջազգային շրջագայության շրջանակներում կժամանի Հայաստան: Այդ մասին, ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, ասված է Ձմեռ պապի տելեգրամյան ալիքի հաղորդագրությունում:
Իր ամանորյա ճանապարհորդության ընթացքում նա արդեն եղել է Իտալիայում, որտեղ Հռոմի և Միլանի Ռուսական տներում անցկացվել են ռուսական ավանդույթներով տոնական ներկայացումներ, ինչպես նաև այցելել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակ:
Արտասահմանյան շրջագայության շրջանակներում Ձմեռ պապը հասցրել է լինել նաև Չինաստանում: Իտալիայից նա կշարունակի իր ճանապարհը դեպի Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա, Ավստրիա, Դանիա, Սլովակիա, Հնդկաստան, Հայաստան, Ղազախստան և Բելառուս:
Աղբյուրի համաձայն, Վոլոգդայի մարզի նահանգապետ Գեորգի Ֆիլիմոնովն ավելի վաղ հաղորդել էր, որ Ձմեռ պապի ամանորյա ճանապարհորդությունն արտերկրում կտևի մինչև դեկտեմբերի 26-ը: Այն կազմակերպվել է Վոլոգդայի մարզի կառավարության կողմից՝ միջազգային հումանիտար համագործակցության շրջանակներում, և աջակցվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության և "Ռոսսոտրուդնիչեստվո"-ի կողմից: Տոնական միջոցառումներ տեղի կունենան Ռուսաստանի դեսպանատներում, ռուսական տներում և դպրոցներում:
Նշենք, որ Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը վառվել են դեկտեմբերի 8-ին: Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հաղորդել էր, որ քաղաքի ամանորյա զարդարանքն արժեցել է 549.7 մլն դրամ, ինչը 12.3% - ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին: