Արմինֆո. Լոնդոնում քննարկվել են Հայաստանում իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության հետ միջկուսակցական կապերի հաստատմանն առնչվող հարցեր: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ով ՔՊ-ում պատասխանատու է արտաքին կապերի համար։
«Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Լոնդոնում հանդիպում եմ ունեցել Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամ, Լեյբորիստական կուսակցության խմբակցության ղեկավար Ջեսիկա Մորդենի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև պատգամավոր Քրիստոֆեր Լոուն։
Քննարկել և պայմանավորվածություն ենք ձեռք բերել քայլեր ձեռնարկել միջկուսակցական կապերի հաստատման ուղղությամբ․ անդրադարձել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ աշխատելու, միջոցառումներ կազմակերպելու և փոխադարձ այցեր իրականացնելու հնարավորություններին։
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում ունեցա Քենթի արքայազն Մայքլ Ջորջ Չարլզ Ֆրանկլինի հետ։ Քննարկեցինք հետագա համագործակցության ուղղությունները՝ անդրադարձ կատարելով 2023 թ․ ստորագրված եռամյա հուշագրի դրույթներին։ Դիտարկեցինք նաև Հայաստանում նախատեսվող երեխաների խնամատարության տարածաշրջանային երկրորդ համաժողովի կազմակերպման հնարավորությունները։
Երեխաների խնամատարության ինստիտուտի հանրահռչակման և զարգացման համար արքայազն Մայքլն առաջարկեց հանդես գալ համատեղ նախաձեռնություններով նաև Մերձավոր Արևելքի և Ծոցի երկրներում։
Արքայազնը նաև սիրով ընդունեց հրավերս՝ առաջիկայում Հայաստան այցելելու վերաբերյալ», - գրել է նախարարը։