Արմինֆո. Այն, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայի շուրջ, հավանաբար, տեղի հայկական համայնքի պատմության վերջի սկիզբն է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ անդրադառնալով ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի տապալմանը։
«Ափսոս էր Սիրիան...Երկրի մեծագույն մասը և այդ թվում` մայրաքաղաք Դամասկոսն, ուր ես արել եմ այս լուսանկարը մի քանի ամիս առաջ, այժմ Թուրքիայի կողմից աջակցվող ահաբեկչական խմբավորումների ձեռքին է: Փաստացի էլ չկա նախկին Սիրիան: Հայտնի չէ, թե ինչ կլինի Ասադի հետ, ծովափնյա շրջանների հետ, ու կառավարման համակարգի հետ: Փաստացի, 2011-ին սկսած պայքարը Ասադը տանուլ տևեց: Թեև, մյուս կողմից, ի համամետություն Եգիպտոսի կամ Թունիսի, այդքան դիմացավ: Հավանաբար, սա նաև տեղի հայկական համայնքի պատմության վերջի սկիզբն է», - նշել է Վարուժան Գեղամյանը:
Նշենք, որ թուրքամետ ընդդիմադիր իսլամականների "Հայաթ Թահրիր աշ - Շամ" միավորումը (մտնում է "Ալ-Ֆաթհ ալ-Մուբին") մի քանի շաբաթ առաջ լայնածավալ հարձակում էր կազմակերպել Սիրիայի դեմ։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում ընդդիմադիր ուժերին հաջողվել է տիրանալ Հալեպի մեծ մասին, ապա նաև սիրիական այլ քաղաքների: Դեկտեմբերի 8-ի գիշերը շարժումը հայտարարել է Դամասկոսը գրավելու և 24 տարի իշխանության ղեկին գտնվող Բաշար Ասադին տապալելու մասին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ռուսաստանը քաղաքական ապաստան է տվել Սիրիայի նախագահին և նրա ընտանիքին:
Սիրիայի վարչապետ Մուհամադ Գազի Ալ Ջալալին, իր հերթին, հայտարարել է, որ կաջակցի կառավարման շարունակականությանը և մտադիր չէ լքել երկիրը: Նա հավելել է, որ պատրաստ է համագործակցել Սիրիայի ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ և ցանկացած միջոց ձեռնարկել իշխանությունը փոխանցելու համար: Ապստամբների առաջնորդ Աբու Մուհամեդ ալ-Ջուլանին AFP գործակալությանը հայտարարել է, որ Դամասկոսի պետական հաստատությունները կմնան վարչապետի վերահսկողության ներքո՝ մինչև իշխանության պաշտոնական փոխանցումը: Արևմտյան աշխարհը ողջունում է ապստամբների կողմից Սիրիայում իշխանության զավթումը։ Երկրում քաոս է։ Հարյուրավոր քաղաքացիներ սպանվել են ապստամբների կողմից։ Ավելին, Սիրիայի խաղաղ քաղաքացիները տուժել են նաեւ իսրայելական ավիացիայի հարձակումներից, որն այս օրերին զանգվածային հարվածներ է հասցրել սիրիական քաղաքներին: