Արմինֆո. Կարևոր չէ, թե ինչ սպառազինություն ունի այս կամ այն երկրի բանակը, եթե զորքերի բարոյահոգեբանական վիճակը ցածր մակարդակում է։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին:
«Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները դեռ շատ կվերլուծվեն, իսկ դրանց հետևանքները երկար զգացնել կտան, սակայն թեմային արժե մեկ այլ դիտանկյունից անդրադառնալ:
Սիրիական բանակը թվաքանակով բավականին մեծ էր և ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, նվազագույն պաշտպանություն ապահովելու սպառազինություն և ռազմական տեխնիկա ուներ:
Սկսած ժամանակակից ՀՕՊ այնպիսի համարգերից ինչպիսին «Պանցիր»-ն է, դեռ չեմ խոսում C-300-երի մասին, վերջացրած հրթիռա-հրետանային այնպիսի համակարգերից, որոնք այսօր էլ ժամանակակից պատերազմներում կիրառվում են` «Ուռագան», «Գրադ», «Դ-20» և այլն: Ռազմական ավիացիան թեև խնդիրներ ուներ, սակայն հարձակվող ուժերի հնարավորությունների պայմաններում, կարելի էր էֆեկտիվ գործածել:
Մյուս կողմից ահաբեկչական խմբավորումներն էին, որոնք թեև կիրառում էին տարբեր նշանակության ԱԹՍ-ներ, սակայն դրանք անխոցելի չէին, իսկ հիմնական հարվածային ուժը խոշոր գնդացիրներով պիկապ մեքենաներն էին:
Ասադի իշխանության անկման հիմնական պատճառները մի քանիսն էին, սակայն դրանցից կառանձնացնեմ բարոյալքվածությունը, ինչն առաջին հերթին ընդգծված էր բանակի շարքերում:
Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ Սիրիայում ինչպե՞ս և ինչու՞ էր բարոյահոգեբանական վիճակն այդպիսի վատթար մակարդակում, սակայն փաստ է, որ տարիներով կառուցված բանակը մի քանի օրում կազմալուծվեց:
Ես այս մասին շատ եմ խոսում և գրում, որովհետև Հայաստանի իշխանության բառապաշարն ու մոտեցումները ևս բարոյալքման տանող քայլեր են և դա դրսևորվել է ինչպես 44-օրյա պատերազմի տարբեր փուլերում, այնպես 2021-22 թվականների ադրբեջանական ագրեսիայի օրերին:
Քիչ կարևոր է, թե ինչ սպառազինության և ամրությունների է տիրապետում բանակդ, եթե զորքերում բարոյահոգեբանական վիճակը ցածր մակարդակում է», - ընդգծել է պատգամավորը:
Այսօր Իրանի ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ սիրիական բանակի նահանջը և իրադարձությունների զարգացման արագությունն անսպասելի էր և "զարմացրել" է նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Նա նախազգուշացրել է երկրում քաղաքացիական պատերազմի և ողջ տարածաշրջանում հակամարտության ընդլայնման սպառնալիքի մասին:
Նոյեմբերի 27-ին սիրիացի ապստամբները հարձակում էին սկսել՝ շարժվելով դեպի Իդլիբ, Հալեպ և Համա նհանգներ: Նոյեմբերի 29-ին նրանք հայտարարել էին Հալեպ քաղաքի նկատմամբ վերահսկողության մասին։ Սիրիական բանակը հաջորդ օրն խոստովանել էր իր նահանջը։ Դեկտեմբերի 8-ի գիշերը հակակառավարական ուժերը գրավել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը։ Այս ֆոնին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել լիազորությունները և լքել երկիրը ՝ ապաստան ստանալով Ռուսաստանում: Երկրի վարչապետ Մուհամեդ Գազի ալ Ջալալին հայտարարել է իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամության մասին: