Արմինֆո. Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից։ Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում։
«Անցած շաբաթ Դամասկոսում դեսպանությունում թեժ գծի հայտարարումից հետո դեսպանությունը պատասխանել է ստացված զանգերին, որոնք վերաբերել են ՀՀ մուտքի արտոնագրերի, անձնագրերի ստացմանը, տարհանման հնարավորությանը։ Վերջինիս անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է։
Հաջորդիվ, ՀՀ քաղաքացիների հետ կապը կպահպանվի Բեյրութում ՀՀ դեսպանությունից` հետևյալ թեժ գծի միջոցով +96176447205 (բջջային)», - ասվում է հայտարարությունում:
Հայտնի է դարձել նաև, որ Բաշար Ասադի իշխանության անկումից հետո Դամասկոսում գործող "Ավետիս Ահարոնյան" կենտրոնը հայ համայնքին կոչ է արել զգոն լինել և մնալ իրենց տներում: "Հաշվի առնելով Սիրիայում ստեղծված իրավիճակը՝ Դամասկոսի հայերին կոչ է անում նաև դրսևորել զսպվածություն արտահայտություններում և խուճապի չմատնվել:
Հույսով և հավատով հնարավոր կլինի հաղթահարել այս շրջանը։ "Ահարոնյան" կենտրոնի վարչությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում բոլորին", - մասնավորապես, նշված է կենտրոնի վարչության Facebook-յան էջում զտեղված հայտարարությունում:
Նշենք, որ թուրքամետ ընդդիմադիր իսլամականների "Հայաթ Թահրիր աշ - Շամ" միավորումը (մտնում է "Ալ-Ֆաթհ ալ-Մուբին") մի քանի շաբաթ առաջ լայնածավալ հարձակում էր կազմակերպել Սիրիայի դեմ։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում ընդդիմադիր ուժերին հաջողվել է տիրանալ Հալեպի մեծ մասին, ապա նաև սիրիական այլ քաղաքների: Դեկտեմբերի 8-ի գիշերը շարժումը հայտարարել է Դամասկոսը գրավելու և 24 տարի իշխանության ղեկին գտնվող Բաշար Ասադին տապալելու մասին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ռուսաստանը քաղաքական ապաստան է տվել Սիրիայի նախագահին և նրա ընտանիքին:
Սիրիայի վարչապետ Մուհամադ Գազի Ալ Ջալալին, իր հերթին, հայտարարել է, որ կաջակցի կառավարման շարունակականությանը և մտադիր չէ լքել երկիրը: Նա հավելել է, որ պատրաստ է համագործակցել Սիրիայի ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ և ցանկացած միջոց ձեռնարկել իշխանությունը փոխանցելու համար: Ապստամբների առաջնորդ Աբու Մուհամեդ ալ-Ջուլանին AFP գործակալությանը հայտարարել է, որ Դամասկոսի պետական հաստատությունները կմնան վարչապետի վերահսկողության ներքո՝ մինչև իշխանության պաշտոնական փոխանցումը: Արևմտյան աշխարհը ողջունում է ապստամբների կողմից Սիրիայում իշխանության զավթումը։ Երկրում քաոս է։ Հարյուրավոր քաղաքացիներ սպանվել են ապստամբների կողմից։ Ավելին, Սիրիայի խաղաղ քաղաքացիները տուժել են նաեւ իսրայելական ավիացիայի հարձակումներից, որն այս օրերին զանգվածային հարվածներ է հասցրել սիրիական քաղաքներին: