Արմինֆո. Այսօր լրանում է Հայաստանում տեղի ունեցած սարսափելի և ավերիչ երկրաշարժի 36-րդ տարելիցը, որը խլեց շուրջ 25 հազար մարդու կյանք (միայն պաշտոնական տվյալներով), 514 հազար մարդ մնաց անօթեւան:
Ընդհանուր առմամբ, տուժեց 21 քաղաք և 350 գյուղ, որոնցից 58 - ն ամբողջությամբ ավիրվեց։ Ընդամենը մի քանի վայրկյանում գրեթե ամբողջությամբ ավերվեց Սպիտակ քաղաքը, զգալի ավերածություններ եղան Գյումրում (նախկինում՝ Լենինական), Ստեփանավանում, Վանաձորում (Կիրովական)։
Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է 10 բալի՝ ըստ Ռիխտերի 12 բալանոց սանդղակի, Լենինականում՝ 9 բալ, Կիրովականում 8 բալ: Երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտ գտնվող Նալբանդ գյուղն ամբողջությամբ գետնի տակ է անցել։
Տարելիցի կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հրապարաակել է հայտարարություն, որում ասվում է, որ Հայաստանում տեղի ունեցած սարսափելի ողբերգության մասին լուրն ստանալուն պես Մոսկվայից մեկնել է բարձր որակավորում ունեցող բժիշկների և ռազմադաշտային վիրաբույժների բրիգադ: Ողբերգության հետևանքների վերացման հանձնաժողովը գլխավորում էր ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը։ Նրա կողմից փրկարարների խմբի հմուտ ղեկավարման շնորհիվ փլատակներից հաջողվել է փրկել 16 հազար մարդու, իսկ ավերածությունների գոտում, ընդհանուր առմամբ, օգնություն է ցուցաբերվել 40 հազար մարդու: 2008 թվականին Ն.Ռիժկովին շնորհվել է <Հայաստանի ազգային հերոսի> կոչում:
"Հայ ժողովրդի հետ միասին սգում ենք այդ սարսափելի ողբերգության զոհերի համար", - ասված է դեսպանատան հաղորդագրությունում: