Արդեն երկրորդ տարին անընդմեջ Orange Հիմնադրամն իր աջակցությունն է ցուցաբերում «Ֆրանսիայի հայկական բժշկական միություն - Փարիզ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագրին, որն ուղղված է երեխաների մոտ տեսողության խնդիրների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը:
Այս տարի նախաձեռնության շրջանակներում Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի և 18 գյուղական համայնքների 6000-ից ավելի երեխաներ կանցնեն անվճար ակնային հետազոտություն, իսկ այն երեխաները, ում մոտ կհայտնաբերվեն խնդիրներ, կստանան հատուկ իրենց համար պարաստված ակնոցներ: Ծրագրի շրջանակներում տեղի ակնաբույժների համար ֆրանսահայ մասնագետների կողմից կազմակերպվել և անցկացվել են ակնային հետազոտությունների վերաբերյալ հատուկ դասընթացներ:
Անցյալ տարի ավելի քան 240 երեխա ստացել է հատուկ պատրաստված ակնոցներ՝ ըստ յուրաքանչյուրի անհատական դեպքի: Բացի այդ, ուսումնասիրված երեխաներից 80-ի մոտ հայտնաբերվել են այնպիսի խնդիրներ, որոնք կարող էին, ճիշտ ժամանակին միջամտության բացակայության դեպքում, ավելի մեծ տարիքում առաջացնել կուրություն:
Ծրագիրն իրականացվում է 2004 թվականից, իսկ արդեն երկրորդ տարին է, ինչ համագործակցում է Orange Հիմնադրամի հետ:
Հիշեցնենք, որ 2011 թվականից ի վեր Orange Հիմնադրամն աջակցում է ակնաբուժության մեկ այլ մարզային լայնամասշտաբ նախագծի, որն իրականացվում է Հայկական Ակնաբուժության նախագծի հետ համատեղ և որի շրջանակներում 9 մարզերի ավելի քան 67,000 բնակիչ ստացել է անվճար ակնային հետազոտության, իսկ 5,200-ից ավելին՝ անվճար վիրահատություն կամ բուժում շարժական հիվանդանոցում: