Արմինֆո. Երևանը չկարողացավ համագործակցության որևէ այլ էական գաղափար առաջարկել իր ամերիկյան գործընկերներին՝ բացի ռազմական օգնություն ցուցաբերելուց։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ Փորձագետն ուրախությամբ արձանագրել է, որ վերջապես Հայաստանի պաշտպանության որևէ նախարար 2018թ. հետո ընդունվեց Պենտագոնի ղեկավարի կողմից, եւ կարևոր չէ, որ ընդունող պաշտպանության քարտուղարը շուրջ 40 օրից պաշտոնաթող է լինելու:
«Կարևոր չէ, որ Թրամփի գալով Պենտագոնը սկզբունքային փոփոխությունների է ենթարկվելու: Կարևոր չէ նաև, որ հեռացող վարչակազմերի ներկայացուցիչները հրաժեշտի հանդիպումներ են ունենում տարբեր գործընկերների հետ և նման դեպքերում էական պայմանավորվածությունների չեն գնում:
Կարևոր է օրակարգը, որի մասին խոսվում է: Այն կրկին պտտվում է ամերիկյան օգնության շուրջ: Ուրիշ որևէ էական համագործակցային գաղափար Հայաստանն ամերիկյան գործընկերներին չկարողացավ առաջարկել հետհեղափոխական Հայաստանում:
Իսկ օրակարգը հետևյալն է. «ԱՄՆ զինված ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի բարձրացում՝ ռազմական կրթության, մարտական պատրաստության, միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում վարժանքներ, արհեստավարժ սերժանտական և հրահանգչական ինստիտուտների զարգացում, ՀՀ զինված ուժերի ուսումնավարժական կարողությունների ստեղծում», - գրել է Սարգսյանը:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր Սուրեն Պապիկյանի և Պենտագոնի ղեկավարի հանդիպման մասին, որի ընթացքում կողմերը վերահաստատել են պաշտպանական ոլորտում համագործակցությունն ամրապնդելու երկուստեք պատրաստակամությունը: