


Սահմանադրական բարեփոխումները կլուծեն Հայաստանում առկա խնդիրները, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
Նա հայտարարել է, որ նոր Սահմանադրության նախագիծը 90-95% արտացոլում է ՀՅԴ դիրքորոշումը, որը, նրա խոսքով, չնայած քաղաքական ուժերի կողմից բազմաթիվ քննադատություններին, բոլոր ջանքերը կգործադրի վերջինիս ընդունման համար: ՙՄենք արդեն 20 էջի վրա ներկայացրել ենք առաջարկներ, որոնք ընդունվել են, կա ևս մի քանի ցանկալի փոփոխություն, որոնք կներկայացվեն խորհրդարանում՚,- նշել է Վարդանյանը:
Պատգամավորը գտնում է, որ նոր Սահմանադրությունը կարող է իրական փոփոխությունների հանգեցնել երկրում: ՙՆոր Սահմանադրությունն ուղղված է իշխանության ապակենտրոնացմանը, ինչն արդեն դրական է`հաշվի առնելով երկրում առկա իրողությունները՚,- նշել է քաղաքական գործիչը: Ըստ որում, նա ավելացրել է, որ ՀՅԴ-ն ամեն ինչ կանի`բացառելու համար կեղծիքները հանրաքվեի ընթացքում: Այս առումով նա նշել է հասարակության կարևոր դերը, որը, նրա կարծիքով, պետք է հասարակական վերահսկողություն իրականացնի, այլ ոչ թե խուսափի քննարկումներից: Վարդանյանը քաղաքական բոլոր ուժերին կոր է արել մասնակցել նոր նախագծի քննարկումներին:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում որոշել է հաստատել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին: Առաջիկա շաբաթվանից Սերժ Սարգսյանը նախատեսում է քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումների շուրջ խորհրդակցություններ սկսել:


