Արմինֆո. ԵԱՀԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող խաղաղ գործընթացին: Ըստ APA-ի՝ այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Քեյթ Ֆիրոնը՝ կազմակերպության անդամ երկրների Արտգործնախարարների խորհրդի 31-րդ նիստում:
Նա հավելել է, որ իր կողմից ներկայացվող կազմակերպությունն ուշադրությամբ հետևում է այդ ուղղությամբ բոլոր գործընթացներին։ "Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ կողմերի խնդրանքով մենք նույնպես պատրաստ ենք աջակցել այդ հարցում"։
APA-ն, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, նաեւ հաղորդում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ: Բլինքենը համառորեն ցանկանում էր հանդես գալ որպես միջնորդ այդ հանդիպման անցկացման գործում։
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը ներկայումս չի մասնակցում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին ։ Այդ նախաձեռնությամբ Բլինքենը մտադիր էր ԱՄՆ-ը կրկին ներառել խաղաղ գործընթացում։ Սակայն ադրբեջանական կողմը կտրականապես հրաժարվել է հանդիպում անցկացնելու Բլինքենի առաջարկից։ Պատճառն այն է, որ, "ընդհանուր առմամբ, Բայդենի վարչակազմը անարդար, կանխակալ քաղաքականություն է վարում Ադրբեջանի նկատմամբ":
"Այդ պատճառով Ադրբեջանն ընդհանրապես չի ցանկանում ԱՄՆ-ի մասնակցությունը խաղաղության օրակարգին, դա նպատակահարմար չի համարում", - հաղորդել Է դիվանագիտական աղբյուրը: Այդ հանդիպումը տեղի չի ունեցել ԱՄՆ-ի միջնորդությունից Ադրբեջանի հրաժարվելու պատճառով։