Արմինֆո. ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում ընդունել է զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլլիկեն» ընկերության փոխնախագահ Բրյուս Լաֆլամին և ընկերության զինվորական ու միջազգային ծրագրերի ղեկավարներ Սքոթ Գրուպպին և Թոմմի Յանգին:
Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ համազգեստի տեսակների, մշակման գործընթացի, փորձանմուշների մատակարարման ժամկետների և ծրագրի իրականացման այլ ընթացակարգերի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին հաղորդվել էր, որ Հայաստանի զինված ուժերի համար նոր համազգեստը պետք է համապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին: Հանրապետության պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունում ընդգծել են, որ նոր համազգեստի ընտրության ժամանակ ՊՆ-ն գործելու է ՆԱՏՕ-ի չափանիշներին, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներին համապատասխան: Այս գործընթացում ուսումնասիրվել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հունաստանի և Չեխիայի զինվորական համազգեստների նմուշները ։