Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դրական է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին նա հայտարարել է օգոստոսի 21-ին ՙԲազե-2015՚ համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:
Նախարարի խոսքով, նման հակամարտությունները չեն կարող կարգավորվել կարճ ժամկետներում, հատկապես`ղարաբաղյան հակամարտությունը, որի կողմերի միջև շատ տարաձայնություններ կան: Նա գտնում է, որ ԵԱՀԿ ՄԽ գործունեության շնորհիվ է, որ գոյություն ունի ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հարաբերական խաղաղություն:
ՙԳոյություն ունեցող ձևաչափը չպետք է փոխվի: Շատ առաջարկներ կան ձևաչափի փոփոխման և կարգավորման գործընթացում այլ երկրների ներգրավման վերաբերյալ, սակայն այդ երկրների թվում կան այնպիսիք, որոնք կարող են կանխակալ վերաբերմունք ունենալ հակամարտության նկատմամբ՚ ,- ընդգծել է Օհանյանը:
Նախարարը նշել է, որ համանախագահող երկրները տարաձայնություններ ունեն քաղաքական և տնտեսական հարցերում`նկատի ունենալով ՌԴ և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները, սակայն դա չի խանգարում միջնորդական գործունեությունում արդյունավետ աշխատանքին:
Օհանյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում ռուսական ռազմակայան ստեղծելու հնարավորությանը: ՙՄեր ունեցած տեղեկատվության համաձայն, ռուսական կողմը նման մտադրություններ չունի՚,- ընդգծել է նա: