Արմինֆո. Դեկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա իտալական կինոյի երաժշտությանը նվիրված երեկո:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են միջոցառման կազմակերպիչները, համերգի ծրագրում կհնչեն այնպիսի հայտնի ֆիլմերի սաունդթրեքեր, ինչպիսիք են "Կնքահայրը", "Ռոմեո և Ջուլիետ", "Սարդ-մարդը", "Ուոլ Սթրիթի գայլը", "Տաղանդավոր Միստր Ռիփլին", "Մի անգամ Ամերիկայում" և այլն:
Հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրելու նաև իտալացի նշանավոր կոմպոզիտորների և երգահանների հեղինակած հայտնի ստեղծագործությունները: Դրանց թվում են Էնիո Մորիկոնեի, Նինո Ռոտայի, Ջակոմո Պուչինինիի, Ռենատո Կարոզոնեի, Տոմազո Ալբինոնիի և այլոց ստեղծագործությունները։
Աղբյուրի համաձայն՝ դիրիժորը կլինի Վալտեր Սիվիլոտին՝ Իտալիայից: Համերգին կմասնակցեն նաև Տիգրան Մելքոնյանը (տենոր), Ալբերտ Նավասարդյանը (սաքսոֆոն), Աստղիկ Վարդանյանը (ջութակ), Վահագն Վարդանյանը (մելոդիկա, օկարինա, բլոկֆլեյտա, էլեկտրադաշնաամուր) և Վարդան Գաբոյանը (էլեկտրակիթառ): Համերգի գլխավոր հովանավորը Հայաստանում Իտալիայի դեսպանատունն է, որը միջոցառումը կազմակերպում է Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համատեղ: