Արմինֆո. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 4-5-ը աշխատանքային այցով կմեկնի Մալթա: Այդ մասին հաղորդել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Նրա խոսքով ՝ Հայաստանի արտգործնախարարը Մալթայում կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը, ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:
Նշենք, որ ամեն տարի դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում արտաքին գործերի նախարարները և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպում են ԵԱՀԿ Նախարարների խորհրդի, կազմակերպության կենտրոնական ղեկավար մարմնի նիստում: Մալթան, որը 2024 թվականին կատարում է ԵԱՀԿ նախագահողի պարտականությունները, այդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 5-6-ը Վալետտա քաղաքում: ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն եւ կգնահատեն եվրատլանտյան եւ եվրասիական տարածաշրջանում անվտանգությանն առնչվող իրավիճակը, ինչպես նաեւ կազմակերպության աշխատանքը գործունեության բոլոր ոլորտներում: